Հինգ տարի անց իմ կրթահամալիրում

 

Վարդանյան Լենաcv

Հինգ տարի է` ինչ ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Երբ խոսք է լինում որևէ կրթական հաստատության, կրթական համակարգի մասին, բոլորը գիտեն, որ ես սկսելու եմ խոսել իմ կրթահամալիրից, և այն վերջ չի ունենալու: Այնքան այլ է ամեն ինչ, որ ուզում եմ բոլորին պատմել, նկարագրել, ներկայացնել հագեցած օրվա, սովորող-դասավանդող փոխհարաբերությունների, դասերի ընթացքի, ճամփորդությունների, հետաքրքիր նախագծային աշխատանքների մասին: Հիշողություններն էլ հիշողություն չեն, միշտ թարմ ու նոր…

Սովորում եմ «Մովսես Խորենացու» անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Արդեն ավարտական կուրսում եմ: Ցանկությունս մեծ էր ուսումնամանկավարժական պրակտիկան անցնել կրթահամալիրում:

Դիմեցի կրթահամալիրի տնօրենին` բոլորիս Տիարին: Ինչպես և ակընկալում էի,  հնարավորություն ստացա նորից դառնալ իմ սիրելի կրթահամալիրի  մի մասնիկը:
Միջին դպրոցում մասնակցեցի Տաթև Աբրահամյանի, Հասմիկ Թոփչյանի, Հռիփսիմե Գալստյանի, Մարետ Սիմոնյանի մայրենիի ուսումնական պարապմունքներին:
Հասկացա, որ կրթահամալիրում տարիներ անց էլ նույն ջերմությունը, հոգատարությունը և նույն հաճելի հագեցած առօրյան է: Դասավանդողներ ու սովորողներ են գալիս-գնում, բայց մոտեցումն ու վերաբերմունքը նույնն է մնում` միշտ սեբաստացիական:

Ուրախալի է տեսնել ազատ մտքով` արտահայտվելու, ստեղծագործելու, ընտրելու լայն  հնարավորությամբ աշակերտների: Հասցրել եմ ծանոթանալ մի քանի սովորողների նախագծերի: Տպավորված էի աշխատանքներով, որտեղ նրանք գրում են իրենց նպատակների, երազանքների, ցանկությունների մասին և փորձում են դրանք իրագործելու ուղիներ գտնել:
Ինձ համար ևս մեկ անգամ արձանագրեցի, որ եթե սեբաստացի ես, ապա` ամբողջ կյանքի համար: Դա մտածողություն է, ապրելաձև է, հոգեվիճակ է:

Կրթահամալիրի շրջանավարտ` Լենա Վարդանյան

 

Advertisements